Hot Topics
2026 թ. հուլիսի 30, հինգշաբթի
Աշխարհ

Գերմանիայում երեխաների դեմ սեռական բռնության դեպքերն աճում են

Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակը հաղորդել է, որ 2025 թվականին երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել են՝ հասնելով ահազանգող թվաքանակի։

Գերմանիայում երեխաների դեմ սեռական բռնության դեպքերն աճում են

Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերն աճում են Գերմանիայում

Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակը (BKA) հրապարակել է 2025 թվականի «Երեխաների և դեռահասների դեմ սեռական հանցագործությունների դաշնային գնահատումը»։ Փաստաթղթի համաձայն՝ 14 տարեկանից ցածր երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը հասել են 17 126-ի, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը կազմում էր 16 354։ Բացի այդ, «մանկական պոռնոգրաֆիայի» և ֆիզիկական շփման բացակայությամբ կատարված սեռական հանցագործությունների ոլորտում նույնպես նոր առավելագույն ցուցանիշներ են արձանագրվել։

Անհաշվառ դեպքերը շատ ավելի շատ են

Քյոլնի Zartbitter e.V. կազմակերպության հոգեբան Լեոնի Կիրշտայնը, որն արդեն երեք տարի աշխատում է այս ոլորտում, ընդգծում է, որ պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է միայն ոստիկանությանը հաղորդված դեպքերը. «Ամեն օր մենք բախվում ենք դեպքերի, որոնք երբեք չեն հայտնվում վիճակագրության մեջ, հատկապես հասակակիցների կողմից կատարված բռնության դեպքերի կամ շատ փոքր երեխաների ենթարկվող բռնության մասին»։

Zartbitter-ը գրեթե չորս տասնամյակ Քյոլնում խորհրդատվական ծառայություններ է մատուցում երիտասարդ տուժողներին, ինչպես նաև կրթական ծրագրեր է իրականացնում դպրոցներում և հատուկ ներկայացումներ է կազմակերպում սեռական բռնության թեմայով։

Ամեն դասարանում՝ մեկ-երկու տուժող

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ Գերմանիայում մինչև մեկ միլիոն երեխա ու դեռահաս արդեն ենթարկվել է կամ ներկայումս ենթարկվում է սեռական բռնության մեծահասակների կողմից։ Դա նշանակում է, որ միջինում Գերմանիայի յուրաքանչյուր դպրոցական դասարանում կա մեկ-երկու տուժող երեխա։

Կիրշտայնը նշում է, որ ամեն օր ստանում են նոր դիմումներ, հիմնականում ծնողների կողմից. «Ցավոք, շատ հաճախ հենց զոհերն են հարց տալիս՝ արդյոք իրենք ինչ-որ սխալ բան են արել, արդյոք բավական հստակ «ոչ» ասե՞լ են»։

Կիբեր հանցագործությունների դեմ պայքարի նոր գործիքներ

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը ահազանգ է հղել՝ կոչ անելով ամրապնդել երեխաների պաշտպանությունը հատկապես թվային տարածքում. «Հանցագործները չպետք է ապահով զգան ու թաքնվեն ինտերնետի անանունության հետևում։ Արդյունավետ պայքարի համար իրավապահ մարմիններին անհրաժեշտ են հատուկ գործիքներ, ինչպիսին է IP հասցեների գրանցումը»,— ասել է նա։

Դաշնային կառավարությունն այժմ առաջ է մղում օրենք, որը կթույլ տա IP հասցեներ պահպանել երեք ամիս ժամկետով։ Դոբրինդտն ակնկալում է, որ այդ օրենքն ընդունվի արդեն աշնանը։ Բացի դրանից, նա կոչ է արել ստեղծել Եվրոպական հանձնակատարի պաշտոն՝ նվիրված երեխաների սեռական բռնությունից պաշտպանությանը։

«Կիբերգրոոմինգ»՝ թվային դարի վտանգ

BKA-ի նախագահ Հոլգեր Մյունխն ուշադրություն է հրավիրում «կիբերգրոոմինգի» երևույթի վրա, երբ մեծահասակները նպատակային կերպով կապ են հաստատում երեխաների հետ առցանց՝ սեռական շփում հաստատելու մտադրությամբ. «Բոլոր հանցագործների ավելի քան 98%-ը արական սեռի ներկայացուցիչներ են, միջին տարիքը մոտ 24 տարի է, իսկ տուժողները հիմնականում իգական սեռի, 12 տարեկանից փոքր երեխաներ են»,— ասել է նա՝ ընդգծելով, որ հաճախ հանդիպումներն ու բռնությունն անխուսափելի հետևանք են դառնում։

Անչափահասների պաշտպանությունը դեռ բավարար չէ

Երեխաների սեռական բռնության դեմ պայքարի անկախ դաշնային հանձնախմբի ղեկավար Կերստին Կլաուսը նույնպես ահազանգ է հղում. 14-17 տարեկան երիտասարդների մոտ յուրաքանչյուր երրորդը բախվում է կիբերգրոոմինգի, իսկ «սեքստորշն»-ի դեպքերն արագ աճում են։ Այս ամենը, սակայն, դեռ Գերմանիայի Քրեական օրենսգրքում առանձին հոդվածով չի դասակարգված, ինչը թույլ չի տալիս ճիշտ հաշվառել և ամբողջ ուժով պայքարել դրա դեմ։

«Դաշնային հաշվետվությունն ի վիճակի չէ արտահայտել այն բռնության ողջ ծավալը, որին ամեն օր ի ենթարկվում են երիտասարդները թվային տարածքում»,— ասել է Կլաուսը՝ կոչ անելով կիբերգրոոմինգը ճանաչել որպես հանցագործություն, իսկ սեքստորշնը՝ դասել սեռական հանցագործությունների ինքնուրույն տեսակ։

Մասնագետները եզրակացնում են, որ պաշտոնական վիճակագրությունն արտացոլում է ողջ պատկերի միայն մի փոքր մասը, և Գերմանիային հրատապ անհրաժեշտ են ինչպես օրենսդրական, այնպես էլ կանխարգելիչ լայնամասշտաբ քայլեր՝ երեխաների ու դեռահասների պաշտպանությունն ապահովելու համար։

Աղբյուր՝ Deutsche Welle